«Իրատես de facto» ակումբի հյուրը` սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, պատասխանում է մեր հարցերին։
-Պարոն Ադիբեկյան, 2012-ն ընտրական տարի է։ Ըստ Ձեզ, ընտրական գործընթացներն ի՞նչ զարգացում կունենան Հայաստանում։
-Ի տարբերություն նախկին Խորհրդային Միության հանրապետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան, Ադրբեջան, Վրաստան), Հայաստանում նախորդ տարի ցնցումներ չեղան։ Ե՛վ նախընտրական պայքարը, և՛ ընդդիմություն-իշխանություն երկխոսության հրավիրելու միտումները բավականին խաղաղ մթնոլորտում են անցել։ Հիշենք, որ ՀԱԿ-ը սպառնում էր ժողովրդին ոտքի կանգնեցնել, բայց պարզվեց, որ նման բան տեղի չունեցավ։ Իշխանությունն էլ հնարավորն արեց, որ սոցիալական վիճակը շատ չլարվի. միջազգային կառույցներից վերցված վարկերն ուղղվում են թոշակներին, նպաստներին, այնպես որ լարվածությունը թույլ է։ Արտագաղթը նույնպես որոշ առումով աջակցում է լարվածության թուլացմանը, քանի որ գնում են դժգոհները։ Կուտակած գումարը, ՀՆԱ-ն շարունակում են բավարարել այն մակարդակը, որ ունենք։ Մի խոսքով, իրավիճակը հանդարտ է։ ՈՒ քանի որ բախման ալիքը մենք անցել ենք, դժվար թե մեկ-երկու ամսում հնարավոր լինի սրել մթնոլորտն արաբական կամ գունավոր հեղափոխությունների սցենարով։ Դրա կրողները մենք ուղղակի չունենք, որ դուրս գանք փողոց։ Մարտի 1-ի փորձը հայերին ցույց տվեց, որ դա անպտուղ, անիմաստ ճանապարհ է։ Այդ առումով թեպետ ամենաձախակողմյան լեզվով է խոսում ՀԱԿ-ը, և այդ կողմը երբեք չի ընտրում խոսքերը, այլ օգտագործում է ձեռքի տակ եղածը, այնուհանդերձ, մենք տեսանք պոլիտկոռեկտության նշույլներ։ Տեսանք, որ իշխանություններն այնքան էլ ռեսուրսները չեն օգտագործում՝ մամլելու ընդդիմադիր ուժերին, բավականին մեղմ են նայում «Բարգավաճ Հայաստանի» հետ ընտանեկան բանավեճին, քանի որ հետագայում նորից հնարավոր է կոալիցիայի ստեղծումը։ Բոլոր նշանները կան, որ ներկա իրավիճակում հանրապետականները չեն կարող միայնակ ունենալ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ պետք է գնան կոալիցիայի տարբերակով, իսկ կոալիցիայի համար ամենահարմարը «Օրինաց երկիրն» ու «Բարգավաճ Հայաստանն» են։ Չի բացառվում նաև, որ ՀՅԴ-ն միանա այդ կոալիցիային։ Խնդիրն այն է, թե ընտրությունների արդյունքում ինչպես կբաշխվեն ձայները, ինչից էլ կախված կլինեն հետագա քաղաքական զարգացումները։ Եթե հանրապետականները պահպանեն իրենց՝ կոալիցիայի հենք լինելու կարողությունը, ուրեմն մենք կասենք, որ ունենք կայուն քաղաքական համակարգ։ Լավն է, թե վատն է այդ քաղաքական համակարգը, այլ խնդիր է։ Իսկ եթե ոչ, ապա վերանայման խնդիրներ կլինեն։ Քաղաքականության մեջ հավերժ բաներ չկան, այն բավականին արագ փոփոխվող ոլորտ է։ Գուցե նոր կոնֆիգուրացիաներ ստեղծվեն։
-Կարևորագույն ինտրիգն այսօր ԲՀԿ-ի շուրջ է։ Մինչ այժմ այս քաղաքական ուժը պաշտոնապես չի հայտարարում ընտրություններին մասնակցելու իր ձևաչափը։ Չի բացառվում նաև ԲՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։
-Քոչարյանը երբեք չի հայտարարել, որ կարող է ԲՀԿ-ի միջոցով վերադառնալ քաղաքականություն։ Նրա միակ լուրջ հայտարարությունը եղել է՝ ես կվերադառնամ, եթե ազգովին խնդրեք։ Երբ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ, հետագայում՝ նախագահ, ոչ մի կուսակցության առանձնապես հակված չէր։ Նա հենվում էր կոալիցիոն ուժերի վրա, և այդ առումով ազգի միավորման, համերաշխության խորհրդանիշ էր։ Այդ դիրքը բոլոր նախագահների համար ավելի նախընտրելի է։ Ընտրություններին ԲՀԿ-ի առանձին հանդես գալը շահավետ է հանրապետականների համար։ Հիմնական կռվախնձորը տատանվող և բողոքական ընտրազանգվածն է։ Մենք գիտենք, որ ընդդիմադիր դաշտի մեկ քառորդը ձայն չի տա ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ ՀՅԴ-ին, ո՛չ «Ժառանգությանը» և ոչ մի այլ կուսակցության։ Եվ եթե կա մեկը, որ կհամապատասխանի իր սպասելիքներին, կենտրոնամետ ընդդիմությունն է։ ՈՒ դրա դերակատարումն իր վրա է վերցրել ԲՀԿ-ն։ Այնպես որ, ԲՀԿ-ն բավականին ձայն կտանի ընդդիմադիր դաշտից։ Խնդիրն այն է, թե որքանով նա կպահպանի իր ձայներն իշխանական դաշտում։ Եթե պահպանի ու ընդդիմադիր դաշտից ձայներ հավաքի, կդառնա երկրորդ, չի բացառվում նաև՝ առաջին (թեև հնարավորությունները շատ քիչ են) քաղաքական ուժը։ Այդ առումով կոալիցիայի մաս կազմելիս շատ ավելի մեծ պահանջներ կարող է առաջադրել։ ՈՒղղակի ԲՀԿ-ն այլ խնդիրներ ունի. դա նրա քաղաքականապես ոչ այնքան ակտիվ ընտրազանգվածն է։ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը հենվում են քաղաքականապես առավել ակտիվ զանգվածի վրա, որոնց ընտրություններին մասնակցելու հավանականությունն ավելի բարձր է։ Հնարավոր է՝ դու ունենաս մեծ թվով համակիրներ, բայց ընտրությունների չգնան, ինչը կարող է հանգեցնել բավականին մեծ կորուստների։ Նման դեպքերում մեծ էներգիա, գումարներ են ծախսվում, բարեգործական ակցիաներ են արվում, բայց արդյունք չեն տալիս։ Այնպես որ, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի առանձին հանդես գալն ուղղված է ՀԱԿ-ի դեմ։ Այդպիսով կկրճատեն ՀԱԿ-ի սոցիալական բազան։ Միասին հանդես գալու դեպքում ՀԱԿ-ի հնարավորություններն ավելի մեծ կլինեն։
-Իշխանությունները հայտարարում են, որ գերնպատակը որակյալ ընտրություններ ապահովելն է։ Իշխանությունն այդքան քաղաքական կամք ունի՞։
-Ինձ թվում է, նրանք, ովքեր մոտ չեն ընտրազանգվածի կառուցվածքին, չափազանցում են ընտրակեղծիքների մասին պատմությունները։ Ընտրության մասնակիցների մեկ երրորդը քվեարկում է իր գաղափարներին համապատասխան։ Նրանց կաշառել չեն կարող։ Դա իրոք քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակությունն է՝ մեր քաղաքական համակարգի հենքը։ Բոլորին թվում է, թե ձայն առնելը շատ հեշտ գործ է։ Դա բավականին բարդ պրոցես է։ Ձայների գրեթե կեսից ավելին չի վերահսկվում, և անհնար է վերահսկել։ Մեծ քաղաքների ընտրողները վերահսկողությունից դուրս են։ Եթե ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն ունեն ներկայացուցիչներ հանձնաժողովներում, հանդես են գալիս որպես մրցակից, ի՞նչ կեղծիքի մասին կարող է խոսք լինել։ Մեկը մյուսին թույլ կտա՞ քվեատուփեր լցնել։ Որքան կոալիցիան հեռանա իրարից, կուսակցությունները դառնան մրցակիցներ, այնքան կզարգանա մեր ժողովրդավարական համակարգը։ Եթե լինում են ազդեցություններ, ապա դրանք արտաընտրական են։ Գյուղը մեծ պարտքեր, ոռոգման ջրի կամ սերմացուի խնդիր ունի, տարածքի մեծամասնական կարգով ընտրված պատգամավորը լուծում է այդ հարցը։ Եվ գյուղը, երախտապարտ լինելով պատգամավորին, ձայները տալիս է տվյալ թեկնածուին կամ այս կամ այն քաղաքական ուժին։ Կա մի մեծ խումբ ընտրազանգված, որ դեմ է ցանկացած փոփոխության։ Նրան կայունություն է պետք. վատ խաղաղությունը լավ պատերազմից նախընտրելի է։ Մնում է բողոքավոր զանգվածը, որը Հայաստանում եղանակ չի ստեղծում։ Նա կարող է ճշգրտել ձայների վերջնական բաշխումը, բայց արմատական փոփոխության չի կարող հանգեցնել։ Մենք արդեն գիտենք՝ որ մարզում որ սեռատարիքային, կրթական խումբն ինչ պատկերացում ունի և ում է պատրաստ ձայն տալու։ Մենք գիտենք մոտավորապես, թե արտաընտրական ազդեցությունը որքան կարող է ազդել ձայների բաշխման վրա։ Եթե կոալիցիոն ուժերի և ընդդիմության միջև 30-40 տոկոս տարբերություն կա, ապա անհնար է այնքան խախտում անել, որ լինի աննկատ։ Եվ հետո մի մոռացեք. մենք երիտասարդ ժողովրդավարություն ենք։ Ընտրական գործընթացներին առնվազն 50 հազար մարդ է մասնակցում։ Ամեն մեկը, բացի ընդհանուր նպատակներից, ունի իր փոքր շահը։ Այդ ամենը խառնվում է, և ստեղծվում է այն, ինչ ունենք։ Պետք է ժամանակ, զարգացում, որ կարողանանք հասնել ինչ-որ որակի։ Եվրոպական ժողովրդավարությունը 300 տարեկան է, էլի ամեն տարի դատում են, էլի խարդախություն է և այլն։ Մենք դեռ ժողովրդավարության առաջին քայլերն ենք անում, և այն, ինչ արել ենք, բավականին որակյալ ու բարձր է։
-Իրանում տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան Հայաստանի վրա։
-Մի կողմից` լավ է այնքանով, որ մենք դառնում ենք այն փոքր պատուհանը, որտեղից մաքուր օդ է գնալու Իրան։ Այդ առումով Հայաստանն Իրանի համար դառնում է բավականին նախընտրելի գործընկեր։ Եթե երկաթգիծն էլ կառուցեն, կունենանք ելք եվրոպական երկրներ՝ ՈՒկրաինա, Բելառուս, Ռուսաստան, որոնք ավելի հակված են Պարսկաստանի հետ համագործակցելու, քան Արևմուտքի հետևից գնալու։ Արդեն այսօր Իրանը, հասկանալով, որ պարսկական կապիտալն ուղղակի կխեղդվի Պարսկաստանում, հնարավորություն է փնտրում կապիտալն արտահանելու համար։ Եվ քանի որ բոլոր զարգացած պետություններն էմբարգոներ են դրել, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, դառնում են նախընտրելի։ Վատն այն է, որ եթե պատերազմ սկսվի, մենք չենք կարող չեզոք դիրք գրավել։ ՈՒ եթե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կանգնի Արևմուտքի կողմը, ստիպված կլինենք կանգնել նրա կողքին։ Այդ դեպքում մեր հազարամյա բարեկամական հարաբերությունները կարող են լրջորեն խաթարվել։ Բոլոր դեպքերում մենք ունենք բավականին հզոր աճող հարևան, որն ունի տնտեսական զարգացման մեծ ներուժ։ Մենք ոչ միայն Ռուսաստանին պետք է դիտենք որպես գործընկեր, այլև Իրանին, ապագայում, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարողանանք կարգավորել, նաև՝ Թուրքիային։ Մենք պետք է դառնանք այդ երեք գերհզոր երկրների սպասարկողները մեր ինտելեկտուալ, մարդկային, աշխատանքային ռեսուրսներով, որովհետև մենք մեր հենքով երբեք չենք կարող դասվել զարգացած երկրների շարքին։
-Շատ է խոսվում ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի մասին։ Ըստ Ձեզ, այդ վտանգն առկա՞ է։
-Բոլոր փորձագետները պատերազմի վերսկսման հնարավորությունը գնահատում են շատ ցածր, որովհետև դա կարող է հանգեցնել բացասական մեծ հետևանքների։ Նախ՝ նավթա-գազատար ուղիները, ենթակառուցվածքները։ Բացի այդ, որքան սպառազինվում, հզորանում է Ադրբեջանը, նույնքան զինվում ու հզորանում ենք մենք։ Եվ եթե պատերազմ լինի, այն կդառնա կործանարար երկու կողմերի համար։ Բայց կան խաղի կանոններ, որոնք թեև պարզունակ են, բայց ուժի մեջ են։ Ալիևը պետք է ցույց տա իր ժողովրդին, որ մտածում է Ղարաբաղը վերադարձնելու մասին՝ դրանով արդարացնելով նավթադոլարների ծախսը ռազմական նպատակներով։ Գործարաններ է կառուցում, ցանկանում է տիեզերք նվաճել։ Թող անի։ Թող ունենանք ավելի գրագետ, հզոր, տիեզերքը նվաճող հարևան։ Ես՝ որպես մոտոհետևակի սպա, գիտեմ, որ լեռնային պայմաններում հաղթելու համար Ադրբեջանը 1։8 գերակայություն պետք է ունենա։ Որովհետև հարձակվողը միշտ ավելի շատ կորուստներ է կրում։ Որքան էլ գերհզոր լինի, վերջին հաշվով հաղթում է մարդը, ոչ թե զենքը։ Վիետնամի, Աֆղանստանի, Իրաքի պատերազմները ցույց են տալիս, որ գերհզոր Ամերիկան չկարողացավ հաղթել այդ փոքր ժողովուրդներին, որովհետև նրանք այլ կերպ են պատկերացնում իրենց ապագան։ Այնպես որ, Ղարաբաղի ժողովուրդն իր ապագան ունի, բավականին ամուր է կանգնած, մի բռունցքի պես։ Եվ շատ լավ է, որ քաղաքական այս անցուդարձերը չեն արտացոլվում այնտեղ, ու նրանց մոտ սոցիալական համերաշխությունն ու քաղաքական միասնությունն ավելի հզոր են։ Իրավիճակն այնպիսին է, որ արցախցիներն օբյեկտիվորեն պետք է լինեն համերաշխ։ Արցախի ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է այդ համերաշխությունն ապահովելու համար։ Մեծ ուշադրություն կա անապահով խավերի նկատմամբ, լուրջ պայքար է տարվում կաշառակերության դեմ։ Մարդիկ վստահում են իշխանությանը։ Լրջորեն վերափոխվել է դատական համակարգը։ Ամենակարևորը՝ գրեթե չկա ստվերային տնտեսություն. ամեն ինչ հարկային դաշտում է։ Ղարաբաղում հասկանում են, որ Հայաստանը պարտավոր չէ իրենց սոցիալական հարցերը լուծել. դա պետք է անեն իրենք։ Այնպես որ, Բակո Սահակյանը պետք է դասընթացներ կազմակերպի հետխորհրդային երկրների ղեկավարների համար։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ